Ես ներողություն եմ խնդրում իմ արարքների համար․ Հարավային Կորեայի նախագահ

Շաբաթ, Դեկտեմբերի 7, 2024

Anna Vardanyan
3 շաբաթ առաջ

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հեռուստատեսային ուղիղ եթերում, ներողություն է խնդրել երկրի բնակիչներից՝ ռազմական դրություն մտցնելու որոշման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես ներողություն եմ խնդրում իմ արարքների համար։ Ես չեմ պատրաստվում խուսափել ռազմական դրություն հայտարարելու հետ կապված գործողությունների համար քաղաքական եւ իրավական պատասխանատվությունից», - հայտարարել է նա ուղիղ հեռուստատեսային ուղերձում։

Նախագահը ներողություն է խնդրել քաղաքացիներից առաջացած անհանգստության և անհարմարության համար:

Հիշեցնենք, որ Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։

Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։

Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։